Եկեղեցուն հարկային արտոնությունից զրկելու առաջարկը քաղաքական հաշվեհարդար է. Դավիթ Անանյան

Դավիթ Անանյանը քննադատում է ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, թե Հայ առաքելական եկեղեցու համար հարկային արտոնությունները վերացնելու անհրաժեշտություն կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանում ստեղծված իրավիճակում Հայ առաքելական եկեղեցուն հարկելուն ուղղված հայտարարությունները քաղաքական հաշվեհարդարի լուրջ դրսևորումներ են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Ավելի վաղ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ առաջիկայում պետք է քննարկվի Հայ առաքելական եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու հարցը։ Նշենք, որ նման հայտարարություններն արվում են Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաների ֆոնին։
Անանյանի խոսքով` Հայ առաքելական եկեղեցուն հարկելու գաղափարը քննարկվել է դեռ 2018 թվականին, երբ ինքը ՊԵԿ նախագահ էր և համապատասխան հանձնարարական էր ստացել ՀՀ կառավարությունից։
Հանձնարարականի էությունը միջազգային փորձի ուսումնասիրությունն էր, հասկանալու համար, թե արդյոք հնարավո՞ր է եկեղեցին ամբողջությամբ մտցնել հարկային դաշտ՝ միևնույն ժամանակ պետական բյուջեից փոխհատուցել եկեղեցու ծախսերը։

«Մենք ուսումնասիրեցինք իրավիճակը այլ երկրներում և հասկացանք, որ կրոնական կազմակերպություններին հարկելու միջազգային պրակտիկան շատ տարբեր է։ Բայց հասկացանք, որ մենք ոչ թե պետք է միջազգային պրակտիկային նայենք, այլ դիտարկենք հարցը այն տեսանկյունից, թե արդյոք մնացած բոլոր կրոնական կազմակերպությունները կամ միջազգային պրակտիկան համադրելի է մեր երկրի և Հայ առաքելական եկեղեցու բացառիկության հետ»,- ասաց Անանյանը։

Նա ընդգծեց, որ 6 տարի առաջ ՊԵԿ ղեկավարությունը կարողացավ կառավարությանը համոզել, որ նման հարցի քննարկումը սխալ է։ Բացի այդ, եկեղեցուն վերաբերող ցանկացած հարց պետք է լուծվի միայն խորը և հիմնավոր քննարկումներից հետո։
Անանյանի խոսքով` աշխարհի ոչ մի երկրի սահմանադրության մեջ կրոնական կազմակերպությունը չունի այն բացառիկ կարգավիճակը, որն ունի Հայ առաքելական եկեղեցին ՀՀ սահմանադրության մեջ։ Նույնիսկ կաթոլիկ եկեղեցին այդ բացառիկությունը չունի։ Ըստ Անանյանի` պատճառն այն է, որ ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու, որը կապված չէ որևէ կոնկրետ պետության հետ, Հայ առաքելական եղեղեցին սերտորեն կապված է Հայաստանի Հանրապետության հետ։ Անանյանը հիշեցրեց նաև, որ Հայ առաքելական եկեղեցին ամբողջությամբ ազատված չէ հարկերից, հարկեր վճարվում են Հայաստան ներկրված պարաֆինի համար, գույքահարկի մասով կան որոշակի պարտավորվածություններ այն շենք-շինությունների հետ կապված, որոնք չեն դասակարգվել որպես կրոնական կառույցներ։
Նա մատնանշեց, որ եկեղեցուն հարկելու վերաբերյալ քննարկումները տեղի են ունենում Հայաստանում հասարակական-քաղաքական լարվածության ժամանակաշրջանում։ Նման թեմաներ բարձրացնում և քննարկում են մարդիկ, որոնք ոչ միայն ծանոթ չեն հարկային օրենսդրությանը, այլև հայտարարություն անելուց առաջ այն չեն քննարկում համապատասխան կառույցների հետ։
Եկեղեցին ոչ թե քաղաքականությամբ է զբաղվում, այլ հայրենիքի փրկությամբ. Աջապահյան
«Հասկանալի է, որ մի իրավիճակում, երբ Հայ եկեղեցին ստանձնել է շատ կոնկրետ առաքելություն, խորհրդարանի ամբիոնից արված հայտարարությունները քաղաքական հաշվեհարդարի շատ լուրջ դրսևորումներ են։ Այլ գնահատական տալ հնարավոր չէ։ Սա ոչ թե ինչ-որ տնտեսական բարեփոխման մաս է, այլ անտրամաբանական ու անհիմն գաղափար, որն ունի զուտ քաղաքական նպատակներ»,- ասաց Անանյանը։
Հավելենք, որ ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը Ալեն Սիմոնյանի հայտարարությունը վրեժխնդրություն էր անվանել, ընդգծելով, որ իշխանության ներկայացուցիչները պետական մտածողությունը վերածել են անձնական քինախնդրության։
Նա հավելել էր, որ եկեղեցին գաղափարական պայքարի է ելել, և եթե իշխանությունը կարող է՝ թող գաղափարական պայքարով հաղթի։
Նշենք, որ ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հարկեր վճարում է, այլև 2024թ–ի առաջին եռամսյակի տվյալներով` 488–րդն է 1000 հարկ վճարողների ցանկում։ Եկեղեցին Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական և բարեսիրական գործունեության բնույթից ելնելով, և Հայաստանում դա նաև սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով: