ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը։ Դատախազության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանն արդեն հայցադիմումը վարույթ է ընդունել։
Խոսքը վերաբերում է 46 անշարժ, 2 շարժական գույքի, 3 իրավաբանական անձանց մեջ մասնակցությանը։ Բացի այդ, ըստ հաղորդագրության, բռնագանձումը վերաբերում է ավելի քան 350 միլիոն ՀՀ դրամի։
«213 մլն 870 հազար դրամ, որը չի հիմնավորվում Արամայիս Գրիգորյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2004-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել, 97 մլն 143 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել նաև Արամայիս Գրիգորյանից բռնագանձելու բանկերից ձեռք բերված պարտատոմսեր՝ ընդհանուր շուրջ 62 մլն դրամ արժողությամբ, ապօրինի ծագում ունեցող մի շարք գույքի վարձակալությունից ստացված վարձավճարներ:
Նշենք, որ Արամայիս Գրիգորյանը ՀՅԴ անդամ է։ 2003 և 2006թթ ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 2008թ–ին զբաղեցրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը։
2013թ–ին նշանակվել է Արարատի մարզպետ, 2014թ–ին՝ բնապահպանության նախարար։