Կիրանցում ոստիկանները կամայական որոշումներով սահմանափակել են մարդկանց տեղաշարժը․ Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանի խոսքով` առանց որևէ բացատրության ու հիմքերի է տեղի ունենում պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատումը», որի կանոնակարգի նախագիծ անգամ գոյություն չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Կիրանցում ոստիկանները կամայական որոշումներով սահմանափակել են քաղաքացիների, գյուղերի բնակիչների ու մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների ազատ տեղաշարժը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Առանց իրավական կանոնների ստեղծված են ոստիկանական ինչ–որ անցակետեր, և մարդկանց տեղաշարժը թույլ են տալիս սեփական հայեցեղությամբ»,– գրել է Թաթոյանը։
Ըստ նրա` առանց որևէ բացատրության ու հիմքերի է տեղի ունենում պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատումը», որի կանոնակարգի նախագիծ անգամ գոյություն չունի։
Թաթոյանը հիշեցնում է, որ պետական սահմանին և սահմանային անվտանգության հարցերը վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին և առաջնահերթ՝ սահմանային բնակիչներին, նրանց կենսական իրավունքներին. ցանկացած սահմանափակում պահանջում է հանրային հաշվետվություն ու իրավական պատշաճ հիմնավորում:
Մինչդեռ, ըստ նրա, լրագրողների մասնագիտական աշխատանքը, մարդկանց ազատ տեղաշարժը խոչընդոտելով՝ թաքուն ու անհաշվետու իրագործվում են անօրինական որոշումներ։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։