Կիրանցի սկզբնամասում լարված վիճակ է. ոստիկանների և պատգամավորների միջև ընդհարում եղավ

Պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Ասպրամ Կրպեյանի, Արման Ղազարյանի և ոստիկանների միջև վիճաբանություն սկսվեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի մատույցներում լարված իրավիճակ է. պատգամավորների և պատնեշ կազմած ոստիկանների միջև ընդհարում տեղի ունեցավ։
Նշենք, որ բազմաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված գյուղի սկբնամասում, նրանք շղթա են կազմել և թույլ չեն տալիս թե՛ քաղաքացիներին, թե՛ պատգամավորներին մուտք գործել Կիրանց։ Նրանք պարբերաբար ընդգծում են, թե ԱԱԾ սահմանապահ զորքերը գործողություններ են իրականացնում։
Այլընտրանքային ճանապարհով Կիրանց գյուղ հասած մի քանի պատգամավորներ` Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը, Գառնիկ Դանիելյանը եկան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին և առաջնորդներին ընդառաջ։ Նշեցին` իմանալուն պես, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպսիկոպոս Գալստանյանի մուտքն արգելվել է, իրենք են իջել գյուղի սկզբնամաս` սրբազանի ծնունդը շնորհավորելու։
«Էս դուք ծանոթո՞վ եք անցել էն կողմ»,– դիմելով Դանիելյանին` ասաց Բագրատ արքեպսիկոպոս Գալստանյանը և անցնելով ոստիկանների պատնեշը` անցավ հակառակ կողմ։
Նշենք, սակայն, որ մինչև գյուղ մտնելը, մեծաթիվ կարմիրբերետավորներ նույնպես կանգնած են և նրանք էլ արգելում են մուտքը դեպի Կիրանց։
Այս փոքր զրույցից հետո ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Ասպրամ Կրպեյանի, Արման Ղազարյանի և ոստիկանների միջև վիճաբանություն տեղի ունեցավ։
«Ինձ մի պաշտպանի, հողդ պաշտպանի։ Ի՞նչ ես գրելու պատմությանդ մեջ, էրեխուդ ի՞նչ ես թողնելու»,– դիմելով ոստիկաններին` ասաց Ղազարյանը։
Թեթևակի հրմշտոցից հետո 3 պատգամավորը նույնպես կարողացան անցնել ոստիկանների առաջին պատնեշը։
Տավուշի թեմի առաջնորդը և ԱԺ ընդդիմադիր պատգամավորները սկսեցին բանակցել Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի հետ, որպեսզի թույլ տան մուտք գործել Կիրանց։
Բագրատ սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Նշենք նաև, որ լրագրողներին նույնպես թույլ չեն տալիս գնալ Բագրատ սրբազանի մոտ և հավուր պատշաճի լուսաբանել տեղի ունեցողը։
Հիշեցնենք` «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Ագնեսա Խամոյանը մայիսի 19-ին Sputnik Արմենիային հայտնել էր, որ 6 պատգամավոր Տավուշի մարզ է գնացել գյուղացիներին աջակցելու համար, սակայն նրանց չեն թողել հասնել գյուղ։ Ավելի ուշ ԱԱԾ–ն հայտարարեց, որ սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ, և ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից` Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։