ՀՀ–ի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանազատման և սահմանագծման հարցում. Ալիև

Իլհամ Ալիև
Ալիևը կրկին հայտարարել է, որ հակամարտությունը գտել է իր լուծումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ընդհանուր սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերի շուրջ:

«Հիմա շատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։ Երկկողմ գործընթացի շրջանակում դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև սահմանագծման և սահմանազատման հարցում։ Ադրբեջանը լուծել է այդ հակամարտությունը։ Այսպիսով ևս մի հակամարտություն գտել է իր լուծումը։ Սակայն, չնայած դրան, ցավալի է, որ աշխարհում հակամարտությունների նոր օջախներ են ձևավորվում», - ասել Է Ալիևը Լատվիայի Սեյմի նախագահ Դայգա Միերինայի հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։