Լարված իրավիճակ Կիրանցում. բնակիչները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ իրականացնել

Մարզպետը չի կարողացել համոզել գյուղացիներին, նրանից հետո եկել է Գնել Սանոսյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Առավոտյան լարված իրավիճակ է եղել Տավուշի մարզի Կիրանց գյուղում։ Կիրանցեցի Խանում Թամրազյանը, որի տան մի հատվածը սահմանազատումից հետո անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, Sputnik Արմենիային պատմեց, որ մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանց է գնացել սահմանապահ զորքերի հետ։
«Եկել էին, որ դելիմիտացիայի աշխատանքներ անեն, բայց գյուղացիները չթողեցին»,– ասաց Խանում Թամրազյանը` նշելով, որ ինքն ու հարևանը հրաժարվել են լքել իրենց տները։
Մարզպետից հետո Կիրանց է գնացել ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, փորձել է զրուցել բնակիչների հետ, ներկա է եղել նաև Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։ Վերջինս գյուղացիներին հայտնել է, որ ըստ իր տեղեկությունների` ադրբեջանցիները նոր գծվող սահմանից 10 մ հեռավորության վրա են կանգնելու։
Նախարարը NewDay.am կայքի հետ զրույցում ասել է, որ այդ հարցերը դեռ հստակ չեն, ու պետք է երկու կողմն էլ պայմանավորվեն, քանի որ ռելիեֆի հարց էլ կա։ Նրա խոսքով` իրենք մարդկանց հետ խոսում են ու նկարագրում, թե նոր ճանապարհն ինչպես է անցնելու։
«Մասնագետները կգան ու կհասկանան։ Ճանապարհը կկառուցենք, ու ինքն իրենով արդեն անվտանգություն կլինի։ Մենք միասին փորձում ենք ստեղծված իրավիճակը կառավարել»,- ասել է Սանոսյանը։
Հարցին, թե ինչու են հիմա գալիս ու հանձնաժողովների համատեղ հանդիպումից ու պայմանավորվածություններից հետո միայն փորձում հասկանալ՝ որ տունն է մնալու ՀՀ տարածքում, որը` ոչ, նախարարն ընդգծել է, որ ինքը շատ լավ գիտի` ինչ է լինելու։
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։