ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստանում պետք է լինեն արհմիություններ, այնպես ինչպես զարգացած երկրներում, որպեսզի բացառեն քաղաքական որոշումներով պայմանավորված պաշտոնանկությունները։ Բժշկական համայնքի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նա ընդգծեց, որ, օրինակ, զարգացած երկրներում գործող արհմիությունները պաշտպանում են ոչ թե կոնկրետ անձին, այլ նրա աթոռը` պաշտոնը։
«Արհմիությունների գերագույն առաքելությունն է պաշտպանել անձի պաշտոնը, որ ամեն քաղաքական թիմի հետ նրանց քմահաճույքով պաշտոնանկություններ չլինեն։ Չգան, ասեն` դու սրա հետ ողջագուրվեցիր, շեն մնա պարոն Դանիելյանը (նկատի ունի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին. խմբ), Բագրատ սրբազանի հետ ողջագուրվեցիր, սրա հետ հաց կերար, դե գնա»,–ասաց նա։
Բագրատ սրբազանի խոսքով` Հայաստանում արհմիություններն ուղղակի կօգնեն, որ կառավարական համակարգը չփլվի, անընդհատ զրոյից չսկսեն։
«Գիտեք, որ պարոն Դանիելյանն արդեն ազատ քաղաքացի է այս օրերին ինձ հետ ողջագուրվելու համար։ Այնպես որ ում ուզում են գործից հանել, ինձ ասեք, հանգիստ կողջագուրվեմ։ Ում հետ ողջագուրվում եմ, գործից հանում են,– հեգնեց նա։
Հիշեցնենք` Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից, ինչից հետո ի աջակցություն Դանիելյանի աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաև Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը` հայտարարելով, որ իր ուսուցչի (Դանիելյանի) հրամանը քաղաքական պատճառներ ունի. Թամամյանը վստահ է, որ Սամվել Դանիելյանին աշխատանքից ազատել են Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միանալու և սրբազանի հետ ողջագուրվելու համար։