ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ ՍԱՏՄ տեսուչները ստուգում են իրականացրել Ա/Ձ Վիգեն Առաքելյանին պատկանող լավաշի արտադրությունում (Կոտայքի մարզ, ք. Հրազդան):
Ստուգման արդյունքում հայտնաբերել են մի շարք խախտումներ։
«Արտադրական շինությունները ապահովված չեն եղել կենդանիների և կրծողների ներթափանցումից, շինությունների մակերևույթներն ապահովված չեն եղել բորբոսի և կեղտի առաջացումից ու կուտակումից, պատերի և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից»,– նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, առաստաղների որոշ հատվածներում ծեփերը թափված են եղել , ինչի արդյունքում չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։ Բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր։ Սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ լավաշի արտադրամսի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։