«Հայաստան» խմբակցությունը լքելու մտադրություն չունեմ. Գեղամ Նազարյան

Պատգամավորը հերքել է լուրը, թե հնարավոր է` չմիանա իմպիչմենտի գործընթացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Ցավում եմ Կիրանց գյուղում տեղի ունեցածի համար։ Այս մասին այսօր ArmLur.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը` անդրադառնալով մայիսի 16–ին իր և լրագրող Անի Գևորգյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
«Ես հիմա չեմ ցանկանում կրկին քննարկել կատարվածը, միայն ցանկանում եմ ասել, որ առաջինը հենց ես չէի ցանկանա, որ նման միջադեպ արձանագրվի, այն էլ լրատվամիջոցի և լրագրողի մասնակցությամբ։ Ես հարգել, հարգում եմ, հարգելու եմ լրագրողի և մամուլի աշխատանքը, միայն կցանկանայի, որ դեպքին գնահատական տալուց առաջ ծանոթները, ընկերները կամ ում դու ընկեր ես համարում, կփորձեն պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել»,– ասել է նա։
Պատգամավորը հարցազրույցում հերքել է լուրը, թե հնարավոր է` չմիանա վարչապետի իմպիչմենտի գործընթացին։
«Կարճ և հստակ ասեմ` ես կողմ եմ արտահայտվելու»,– ասաց նա։
Գեղամ Նազարյանը հավելել է նաև, որ «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունի։
Հիշեցնենք` Գեղամ Նազարյանն այցելել էր Տավուշի մարզի Կիրանց գյուղ, որտեղ տավուշցիները փակել էին միջպետական ճանապարհը։ Պատգամավորի և գյուղացիների միջև թեժ խոսակցություն էր ծավալվել, ինչը լուսաբանում էր լրագրող Անի Գևորգյանը։ Նազարյանը, նկատելով տեսախցիկը, բարկացել էր և կոպիտ կերպով պահանջել անջատել այն, ինչից հետո լեզվակռիվ էր սկսվել։ ԱԺ պատգամավորը նշել էր, որ լավ ճանաչում է Անի Գևորգյանի սեփականատերերին (հավանաբար նկատի է ունեցել լրատվամիջոցի, – խմբ.) ու անձամբ իրեն։ Նազարյանը նաև մեղադրել էր լրագրողին մանիպուլյացիաներ անելու մեջ, ապա հեռացել։ Մի փոքր անց Անի Գևորգյանը կրկին մոտեցել էր պատգամավորին ու սկսել նկարել, ինչը կրկին բարկացրել էր Նազարյանին։
Ավելի ուշ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հնչեցրած արտահայտությունները չեն հանդիսանում խմբակցության դիրքորոշումը։