Այս գործընթացը 7 տան է առնչվում, ոչ թե 2. Կիրանցի բնակիչը` սահմանազատման հետևանքների մասին

Տավուշցի Անդրանիկ Նազարյանը նշում է, որ Խորհրդային Միության փլուզումից առաջ կամուրջն ու հարակից տարածքները փաստաթղթերով և քարտեզներով եղել են Կիրանց համայնքի տարածքում։
Sputnik
Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման և սահմանագծման գործընթացն առնչվում է ոչ թե 2, այլ 7 տան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Կիրանցի բնակիչ Անդրանիկ Նազարյանը։
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները առավոտից գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։ Կիրանցի բնակիչները դեմ են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածություններին։ Նրանք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը։
Անդրանիկ Նազարյանի խոսքով` Խորհրդային Միության փլուզումից առաջ, երբ դեռ պատերազմն էլ չէր սկսվել, կամուրջն էլ, հարակից տարածքներն էլ, բոլոր տներն ու հողատարածքները փաստաթղթերով և քարտեզներով Կիրանց համայնքի տարածքում էին։
«Արդեն 1990-1991 թթ., երբ լարվածությունը և պատերազմը սկսվեց, իրենք սկսեցին մի փոքր դիրքեր հարմարեցնել, մի քիչ էլ` մերոնք, բայց դա կարճ տևեց։ 1992 թվականին այդ ամբողջ տարածքն ազատագրված էր։ Հիմա 1975 թվականի քարտեզ են ներկայացնում, որտեղ այդ կամուրջն ընդգրկված է Ադրբեջանի Խեյրումլի գյուղի կազմում։ Ըստ այդ քարտեզի` գյուղում լիարժեք 2 տուն է ընդգրկում, բայց դրա հետ մեկտեղ մոտ 60 հատ հողատարածք է ներառվում, արհեստանոց, ֆերմա։ Բացի դրանից, այդ սահմանագիծը կպնում է որոշ տների, որտեղ գործնականում հնարավոր չէ ապրել, մի վարչական շենք կա, որտեղ 3 ընտանիք է ապրում»,– ասաց Նազարյանը։
Կիրանցեցին նշեց` իրենք հաշվել են, որ մոտ 15-16 հա «յուղոտ պատառ» սահմանազատման հետևանքով անցնելու է Ադրբեջանին։ Նա դժգոհեց, որ գյուղացիների հետ մինչև վերջ անկեղծ չեն ու հստակ չեն ներկայացնում, թե կոորդինատային 3 կետերն ինչպես են միացվելու` ուղիղ, կոր գծով, թե այլ տարբերակով։
«Գյուղը կամրջի համեմատ բարձունքում է գտնվում, ու եթե միայն կամուրջը մնա իրենց տարածքում (Ադրբեջանի. խմբ.), ժողովուրդը մի ձև կարող է ապրել, բայց եթե գյուղի մեջ են մտնում, լրիվ ուրիշ իրավիճակ է ստեղծվում։ Նույնիսկ ասում են, որ հրապարակված քարտեզից ավելի վատ քարտեզ էլ կա։ Ի՞նչ է նշանակում` գալու են, գյուղի մեջտեղո՞ւմ նստեն։ Մեր գյուղից 1990-ականների պատերազմի ժամանակ 14 զոհ է եղել, 44-օրյա պատերազմի ժամանակ էլ է զոհ եղել։ Վերջը մարդկանց համբերությունը հատելու է, որովհետև չգիտեն էլ` ինչ անեն, ու թողնելու են, գնան։ Այս ամենը չգիտեմ` ում է ձեռնտու, այս իշխանությանը ձեռք է տալիս, թե ոչ, բայց սա հայաթափում է»,– ասաց Նազարյանը։
Անդրադառնալով գազամուղին` նա ընդգծեց, որ այն Կիրանցի վարչական տարածքով չի անցնում։ Տավուշցին հիշեցրեց, որ Կիրանցի և Ոսկեպարի մեջտեղում ՀՀ վարչապետը մի եռանկյունի հատված է ցույց տվել, հենց այդ մասով է անցնում գազամուղը, այսինքն` դա այն հատվածն է, որն ապագայում է որոշվելու։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Վերջին տվյալներով` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։