Հայկ Մարությանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին ու ՆԳՆ–ին. ԶԼՄ

Նա պահանջում է, որ դատարանը վերացնի Երևանի քաղաքապետարան մուտք գործելու արգելանքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին և ներքին գործերի նախարարությանը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ օրաթերթի տեղեկությունների` Հայկ Մարությանը պահանջում է, որ դատարանը անվավեր ճանաչի 2023–ի հոկտեմբերի 9–ի` ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ ԿՕ և ՀՁՊ գնդի համատեղ հրամանները և իր` Երևանի քաղաքապետարան մուտք գործելու արգելանքը վերացնի:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մեծ թվով քաղաքացիներ ակցիա էին անցկացնում ընդդեմ հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման։ Նրանց թվում էր նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը դիմել էր այդ օրվա ավագանու նիստին Հայկ Մարությանի մասնակցելու և ելույթ ունենալու համար։ Դիմումը, սակայն, մերժվել էր։ Որպես հիմք նշվել էր քաղաքապետի սահմանած նոր կարգը, ըստ որի` ավագանու անդամներից բացի նիստին մասնակցելու իրավունք ոչ ոք չունի։
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանին 2023-ի փետրվարի 7-ին ավագանու մանդատից զրկել են 34 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։