ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի կառավարության հայտարարությունները խիստ վտանգավոր են, իսկ անցյալից հրաժարվելը հղի է աղետալի հետևանքներով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը` մեկնաբանելով ապրիլի 24–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի արձագանքը դրան։
Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն անցած շաբաթվա վերջին իր շփոթմունքը և անհանգստությունն էր հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի և Հայոց Ցեղասպանության մասին Փաշինյանի կուսակիցների հայտարարությունների առնչությամբ։ Ընդգծվել էր, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Փաշինյանը զբաղված էր ցեղասպանության զոհերի քննադատությամբ՝ նպատակ ունենալով կասկածի տակ դնել Թուրքիայի և Ադրբեջանի պատասխանատվությունը ցեղասպանության ոճրագործության համար։
«Նախ՝ Փաշինյանի հայտարարության հիմքում դրված է «կոլեկտիվ պատասխանատվությունը», այսինքն՝ նա հայտարարում է, որ «բոլորը մեղք ունեին»։ Շատ տհաճ է, որ հայի շուրթերից կարող է նման բան հնչել։ Բայց ինձ չի զարմացնում այն, ինչը մենք լսում ենք Փաշինյանից, քանի որ նա վերցրել է արդեն այն ուղին, որ պետք է անի ամեն ինչ, որ թուրքերի և ադրբեջանցիների համար բարեհաջող, ընդունելի բաներ ասի»,–ասաց քաղաքագետը։
Նա նշեց, որ Լեմկինի ինստիտուտում հստակ հասկանում են, որ թուրքական քարոզչամեքենան կեղծ թեզեր է օգտագործում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։
«Ռաֆայել Լեմկինը ստեղծել է «ցեղասպանություն» տերմինը դեռ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը` ուսումնասիրելով Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության պատմությունը։ Իսկ հիմա հայտնվում են հայ ռևիզիոնիստներ, ընդ որում` բարձրաստիճան քաղաքական գործիչներ, որոնք կրկնում են նույնը, ինչ թուրք ռևիզիոնիստները, որոնք մեծ գումարներ էին ծախսում, որպեսզի որոշ պատմաբաններ ԱՄՆ-ում և Եվրոպայում կրկնեին Լեմկինի թեզի համար շատ վտանգավոր այդ անհեթեթությունը»,- ընդգծում է քաղաքագետը։
Նրա խոսքով` թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանից պահանջում է վերջ տալ Ցեղասպանության մասին խոսակցություններին։ Նրանք վախենում են ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչումից, այլ դրա հետևանքներից։ Այսինքն՝ մինչև հանցագործության համար պատասխան չտաս, չես կարող առաջ գնալ։
«Փաշինյանը կա՛մ կիսագրագետ է, որը երևի ճիշտ է, կա՛մ պարզապես անում է այն, ինչ իրեն թուրքերն են ասում, և ես չեմ բացառում, որ երկու տարբերակն էլ կա. և՛ կիսագրագետ է ու գաղափար չունի, թե ինչի մասին է խոսում, և՛ անում է այն, ինչ թուրքերն են պահանջում։ Մենք բազմիցս նշել ենք, որ Ցեղասպանության ճանաչումը միայն մեր խնդիրը չէ, այլ ամբողջ աշխարհի, որովհետև ճանաչելով դա, դու ասում ես, որ դա անընդունելի է»,- ասաց Մարտիրոսյանը։
Նա վստահ է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կօգնի ապագայում կանխել նմանատիպ հանցագործությունները։ Այն երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ամեն ինչ անում են, որպեսզի դա երբեք չկրկնվի: Միևնույն ժամանակ, պատմության դասերը ժխտելը հղի է աղետալի հետևանքներով, քանի որ պատմության կրկնությունը սկսվում է դրա ժխտումից։
Նշենք, որ վերջերս ՀՀ վարչապետը, դասախոսությամբ հանդես գալով և խոսելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին, նախընտրել էր օգտագործել «Մեծ եղեռն» և «կոտորած» տերմինները, ինչը նկատել էին ԶԼՄ-ները։
Ավելի ուշ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար, ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հանդես եկավ Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները նույնականացնելու և ցուցակագրելու առաջարկով, ինչը նույնպես բուռն քննարկումների թեմա դարձավ` հասարակության շրջանում մտավախություն առաջացնելով, որ իշխանությունները մտադիր են կասկածի տակ դնել այդ պատմական փաստը:
Այնուամենայնիվ, ապրիլի 24-ին իր ուղերձում Փաշինյանն օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը։