ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խումբը կազմալուծելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոչը Եվրոպայում այդ կազմակերպության կողմից անվտանգություն ապահովման անկարողության հետևանքն էր: Այս մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը։
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ ժամանակն է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությամբ:
Բալասանյանի խոսքով՝ ԵԱՀԿ-ն վաղուց դարձել է անօգուտ կազմակերպություն, քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ չի կատարում իր գործառույթները: Ավելին, ԵԱՀԿ գործող նախագահը, որն այցելել էր Երևան, իսկ ավելի ուշ` Բաքու, հայտարարում է, որ Հայաստանին և Ադրբեջանին ընդամենը կոչ է անելու չգնալ սրացման:
«Սա ասում է մի կազմակերպության ղեկավար, որի գործառույթը անվտանգության և համագործակցության ապահովումն է։ Այսինքն, կազմակերպությունն իր ապակառուցողական, անատամ հայտարարություններով բերեց նրան, որ այսօր պնդումներ են հնչում, թե Մինսկի խումբը պետք չէ և պետք է լուծարվի»,– նշեց Բալասանյանը։
Քաղաքագետի կարծիքով` եթե ԵԱՀԿ-ն համաձայնվի Բաքվի հետ և կազմալուծի Մինսկի խումբը, ապա Հայաստանի համար նման կազմակերպություններին մասնակցությունը կկորցնի իմաստը։
Ոչ ԵԱՀԿ–ն, ոչ Եվրոպայի խորհուրդը, նրա խոսքով` չեն պաշտպանել և չեն պաշտպանում Հայաստանին և հայ ժողովրդին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունից:
Քաղաքակրթական, տնտեսական, ինչպես նաև անվտանգության առումով ՀՀ ապագան, Բալասանյանի պնդմամբ` գտնվում է ԵԱՏՄ–ում և «3+3» ձևաչափի շրջանակում։
Նրա կարծիքով՝ «3+3» ձևաչափը կարող է շատ ավելի արդյունավետ ապահովել տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, քան ԵԱՏՄ-ն։ Մասնավորապես, Իրանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը բխում է իր շահերից, և դա Թեհրանի համար «կարմիր գիծ» է։
Ավելի վաղ Երևանում ԵԱՀԿ ղեկավարը ձեռնպահ էր մնացել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը գնահատելուց: