ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ղազախստանի համար կարևոր են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության մատնանշած առաջնահերթությունները, մասնավորապես թվայնացման և պարենային անվտանգության հարցերը։ Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևն այս հայտարարությունն արեց Երևանում Եվրասիական փորձագիտական ակումբի «Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» համաժողովում։
Ղազախստանի դեսպանը հիշեցրեց, որ վերջերս Մոսկվայում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի վերջին նիստում Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը խոսել էր առանց խոչընդոտների ԵԱՏՄ միասնական շուկայի կայացման կարևորության մասին։
«Այդ ճանապարհին թաքնված սահմանափակումների վերացումը ԵԱՏՄ-ի բացարձակ առաջնահերթությունն է»,– իր ելույթում շեշտեց Ղազախստանի դեսպանը` այդ համատեքստում կարևորելով Հայաստանի առաջարկած թվային լուծումների կիրառման առաջնահերթությունները։
Խոսելով երրորդ երկրների հետ ԵԱՏՄ-ի լոգիստիկ կապերի ընդլայնման մասին՝ Բոլատ Իմանբաևն արձանագրեց, որ Ղազախստանն արդեն իսկ գործարկել է բեռնափոխադրման իր տերմինալը չինական Սիան քաղաքում։ Ղազախ դիվանագետի խոսքով` այդ տերմինալում նախատեսվում է իրականացնել Չինաստան-Եվրոպա կոնտեյներային փոխադրումների ընդհանուր ծավալի մինչև 40%-ը։ Իմանբաևը նշեց նաև, որ Ղազախստանի սահմաններում ձևավորվում են նաև լոգիստիկ տերմինալներ՝ ապրանքների տարանցումը հեշտացնելու համար։
Իմանբաևն ընդգծեց` խիստ կարևոր են նաև արդյունաբերական համագործակցության նախագծերը, որոնք այս տարվանից կսուբսիդավորվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բյուջեից։ Նրա խոսքով` հիմա Ղազախստանն աշխատում է ավելի քան 150 նման նախագծերի վրա՝ Եվրասիական միության այլ երկրների հետ կոոպերացիաների հնարավոր ձևավորմամբ։
Ղազախստանի դեսպանն իր ելույթում փաստեց, որ 2014 թվականից ի վեր ԵԱՏՄ–ի գոյության 10 տարիների ընթացքում անդամ երկրների հետ Ղազախստանի ապրանքաշրջանառությունն աճել է 1,7 անգամ՝ 2023 թվականին հասնելով 28,5 միլիարդ դոլարի։