Երևանյան ակցիաների ժամանակ բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ

Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին
Քաղաքացիներին ոստիկանության բաժիններ էին տարել իրավապահների պահանջին չենթարկվելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Երևանում տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանություն բերված բոլոր քաղաքացիներն արդեն ազատ են արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Առավոտյան տեղեկացրել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ու աջակիցները վերսկսել են բողոքի ու իրազեկման ակցիաները Երևանում։ Կարճ ժամանակ անց կարմիրբերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել նրանց։

«Այսօրվա ակցիաների ժամանակ ՆԳՆ ոստիկանության բաժիններ է բերվել 63 քաղաքացի։ Բոլորն ազատ են արձակվել»,– ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։