«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում միացավ իրազեկման ակցիա անող քաղաքացիներին և նրանց հետ շարժվեց Հայաստանի պետական մանկավարժական համալսարան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները բողոքի ու իրազեկման ակցիաներ են անցկացնում մայրաքաղաքում։
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուսանողներին կոչ արեց միանալ իրենց երթին։ Որոշ ուսանողներ դուրս եկան շենքից և ողջունեցին երթի մասնակիցներին։
Բագրատ սրբազանը շարունակեց երթը դեպի Երևանի պետական համալսարան։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։