Հայաստանի տարբեր մարզերում այս պահին ավտոերթեր են ընթանում

Մայիսի 13-ի վաղ առավոտվանից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները նաև անհնազանդության ակցիաներ են իրականացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում այս պահին ավտոերթեր են ընթանում։ Տեղեկությունը հայտնում է «Ազգային ճակատ» Տելեգրամ ալիքը։
Ավտոերթեր են Արարատի մարզում` Տիգրանաշենի հատվածում, Տավուշի մարզում` Նոյեմբերյանի հատվածում, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։
Նշենք, որ մայիսի 13-ից վաղ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները և նրանց կողմնակիցներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ են իրականացրել։
Երևանում բազմաթիվ փողոցներ են փակվել։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն այսօր վաղ առավոտից ավելի քան 20 փողոց էին փակել մայրաքաղաքում։ Քաղաքացիներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ էին իրականացնում Երևանի տարբեր հատվածներում։