Գեղարքունիքում պարեկներն ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպք են բացահայտել

Իրավապահներին են փոխանցվել կաթուցիչներ, դեղնականաչավուն զանգված և այլն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպքեր են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մի դեպքում Վարդենիս քաղաքում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 25-ամյա երիտասարդի։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կիսամոխրացած կանեփանման զանգվածով կաթուցիչ։
Եվս երկու դեպք Երևան-Սևան-Իջևան ճանապարհին է բացահայտվել։ Առաջին դեպքում թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Սևանի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու, ով իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչներ։
Մյուս դեպքում բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի, ով ևս իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, մոխրացած հետքերով կաթուցիչ ու ծխամորճ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։