Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել

Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ընթացքում «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բեռնատարի վարորդը հանրահավաքի ժամանակ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել էր հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ։ Ինչպես հայտնել էր ոստիկանությունը, վարորդը եղել էր ոչ սթափ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկային։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ վարորդի ինքնությունը, որը Արարատի մարզի 40-ամյա բնակիչ է:
Բեռնատար ավտոմեքենան հանրահավաքի ժամանակ մտել է Հանրապետության հրապարակ
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդն ի սկզբանե տեղյակ լինելով Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասին, մայիսի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող «ԿամԱզ 54112» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Իտալիայի փողոցով դեպի Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատված։ Նա չի ենթարկվել արգելող ճանապարհային նշանի պահանջին՝ հակառակ ուղղությունից դուրս է եկել Վազգեն Սարգսյան փողոցի միակողմանի երթևեկելի գոտի, շրջանցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներին և չենթարկվելով պարեկային ծառայողների «կա՛նգ առ» հրահանգին՝ վերոնշյալ ավտոմեքենայով մուտք էր գործել Հանրապետության հրապարակ:
«Ինքնահաստատման և հասարակության հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով, նշված անձը բեռնատար ավտոմեքենայով մտել է Հանրապետության հրապարակ և ավտոմեքենան կայանել հրապարակի կենտրոնում՝ այդ կերպ իր հակաիրավական ու հակաբարոյական գործողություններով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խաթարելով հավաքի մասնակիցների անդորրը, ինչպես նաև անհանգստություն պատճառելով հրապարակում գտնվող անձանց»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա բեռնատարի վարորդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել։
Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեջ մտած բեռնատարի վարորդը եղել է ոչ սթափ. ՆԳՆ