ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Բելգորոդ քաղաքն ու Բելգորոդի շրջանը զանգվածային գնդակոծության են ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Արկերից մեկը հարվածել է բազմաբնակարան բնակելի շենքին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը իր Telegram-ալիքում։
«Բելգորոդ քաղաքն ու Բելգորոդի շրջանը զանգվածային գնդակոծության են ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Խարկովսկայա գորայում բնակելի շենքի վրա արկի ուղիղ հարվածի հետևանքով փլուզվել է 10-հարկանի շենքի շքամուտքը։ Մեկնել եմ դեպքի վայր: Մանրամասները՝ ավելի ուշ», - նշել է մարզի ղեկավարը։
Ավելի վաղ քաղաքում մի քանի անգամ հրթիռային վտանգ էր հայտարարվել։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: