Պատերազմ կարող է սկսվել միայն ՀՀ իշխանությունների և Ալիևի համաձայնությամբ. Վահագն Մելիքյան

Վահագն Մելիքյանը հանրահավաքին
ՀՀ ԱԳ նախկին գլխավոր քարտուղարը նշեց, որ միակողմանի զիջումների պարագայում Ադրբեջանն անընդհատ առաջ է քաշելու նոր պահանջներ` միջանցքի տրամադրում, փախստականների վերադարձ, Սահմանադրության փոփոխություն, Ադրբեջանի դեմ հայցերի չեղարկում և այլն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ադրբեջանը հրահրելու է նոր, տեղային սադրանքներ հայկական բնակավայրերի վրա` հոգեբանական ճնշումներով, լոկալ ընդհարումների միջոցով վախի մթնոլորտ ստեղծելով։ Հանրապետության հրապարակում այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության հանրահավաքին հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
«Միակողմանի զիջումների պարագայում Ադրբեջանն անընդհատ առաջ է քաշելու նոր պահանջներ` միջանցքի տրամադրում, փախստականների վերադարձ, Սահմանադրության փոփոխություն, Ադրբեջանի դեմ հայցերի չեղարկում և այլն»,– նշեց նա։
Ու այս ամենը, նրա խոսքով, մեր երկրում լինելու է մի իշխանության օրոք, որի ղեկավարման տարիներին եղել է 4 պատերազմ, բազմահազար զոհեր, կորուստներ ու նվաստացման ճանապարհ։
«Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը, և իշխանությունների վարած արկածախնդիր քաղաքականության արդյունքում հայտնվել է չափազանց ծանր իրավիճակում և ոչ կենսունակ պետության վերածվելու կացության մեջ»,– հայտարարեց Մելիքյանը։
Նա այն համոզմանն է, որ պատերազմն այսօր կարող է սկսվել միայն ՀՀ ներկա իշխանությունների ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փոխադարձ համաձայնության արդյունքում։
Ալմա Աթայի հռչակագիրը չի կարող սահմանազատման հիմք հանդիսանալ. դիվանագետն ասաց` ինչու
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով եկել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։