ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Երևանում անհնազանդության ակցիաներ իրականացնող 35 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։
«41 քաղաքացի բերման է ենթարկվել ոստկանության տարբեր բաժիններ ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182–րդ հոդվածով»,–հայտնեցին ոստիկանությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Նշենք, որ ակցիայի մասնակիցները որոշ ժամանակով փակել էին Թբիլիսյան խճուղին, Խորենացի փողոցն ու Տիգրան Մեծի պողոտան։
Որոշ հատվածներում ոստիկանությունը մի քանի րոպե ժամանակ էր տվել ճանապարհը բացելու համար։ Ժամանակը լրանալու պես ոստիկանությունը սկսեց ուժ կիրառել և քաղաքացիներին բերման ենթարկել։
Այս պահին Երևանում փակ փողոցներ չկան։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով եկել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։