ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները, որոնք Երևանի մի քանի հատվածներում այս պահին անհնազանդության ակցիաներ են իրականացնում, բերման են ենթարկվում ՆԳՆ ոստիկանություն։
Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով` ակցիայի մասնակիցները որոշ ժամանակով փակել էին Թբիլիսյան խճուղին, Խորենացի փողոցն ու Տիգրան Մեծի պողոտան։
Որոշ հատվածներում ոստիկանությունը մի քանի րոպե ժամանակ էր տվել ճանապարհը բացելու համար, որը չկատարելու դեպքում քաղաքացիները բերման կենթարկվեին։
Ժամանակը լրանալու պես ոստիկանությունը սկսեց քաղաքացիներին բերման ենթարկել։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով եկել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։