ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական Անդրանիկ Քոչարյանը վստահ է` իրենց կուսակցությունից նույնիս 1,5 ձայն չեն ստանա իմպիչմենտի գործընթաց սկսելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 1 ժամ ժամանակ տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար։ Ի պատասխան որևէ արձագանք չեղավ։ Այնուհետև հայտնեց` ԱԺ–ով վարչապետին անվստահություն պետք է հայտնել, որպեսզի պաշտոնանկության հասնեն։
Պատասխանելով Բագրատ սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու վերաբերյալ ՀՀ ԱԳ նախնիկ նախարար Վարդան Օսկանյանի առաջարկին` Քոչարյանը շեշտեց, որ ժողովրդի կամքն է շատ կարևոր։
«Բագրատ սրբազանը, Վազգեն Գալստանյանը, քաղաքական գործունեություն է ծավալում, պետք է հոգևոր կողմնորոշում ունենա։ Ես նրան կասեմ Բագրատ հոգևորական, դուք կարող եք ասել Բագրատ սրբազան։ Բագրատ հոգևորականի համար Աստծո կամքն էլ է կարևոր, մեզ համար էլ է միշտ կարևոր, բայց ժողովրդի կամքը հենց Աստծո կամքն է։ Եթե Վազգեն Գալստանյանը ցանկցություն ունի վարչապետ առաջադրվի, ապա 2026 թվականին նա պետք է իր քաղաքական թիմով հայտ ներկայացնի և մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Հաղթելու դեպքում էլ կդառնա վարչապետի թեկնածու»,– նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Լրագրողի նկատառմանը` արդյոք վերջինս բացառում է իմպիչմենտի գործընթաց սկսելու հարցը, նա շեշտեց` թող գան և անեն։
«Տվյալ հոգևորականն ասում էր` 20 ձայն է պակասում, որտե՞ղ է այդ 20 ձայնը։ Արդեն 3.5 տարի է՝ այստեղ են, իրենք թեկուզ 2,5 ձայնի հնարավորություն տեսնո՞ւմ են։ Եթե իրենք տեսնում են, թող հանրայնացնեն, բայց անձամբ ես չեմ տեսնում նույնիսկ 1,5 ձայն։ Նա անուններ է տալիս, բայց տարօրինակ է, որ հոգևորականն անուն է ասում առանց այդ անունների տերերի հետ համաձայնեցնելու»,– ասաց ՔՊ–ական պատգամավորը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու ընթացակարգը սկսելու համար հարկավոր է ներկայացնել վարչապետի սեփական թեկնածուին և ձևաթուղթը վերցնելուց 24 ժամվա ընթացքում հավաքել 36 ստորագրություն. ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ունեն 35 պատգամավոր, ևս մեկին կամ պետք է «հավաքագրել» իշխող ուժից, կամ ստանալ միակ անկախ պատգամավորի՝ Իշխան Զաքարյանի աջակցությունը։ Բայց նրա հետ հարցը չեն քննարկել դեռ։
Ստորագրությունները հավաքելուց հետո անհրաժեշտ է 48-72 ժամվա ընթացքում քվեարկություն հրավիրել: Իմպիչմենտի համար անհրաժեշտ է նվազագույնը 54 ձայն, այսինքն՝ ընդդիմությանը պետք է լրացուցիչ 18 պատգամավորի աջակցություն ստանալ։