«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը մեկնարկեց ՀՀ օրհներգով աղոթքով

Բագրատ Սրբազանը շետշեց, որ իր սպիտակ հագուստն ընտրել է ի նշան հաշտության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։
Հանրահավաքի մասնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ միասին հնչեցրին Տերունական աղոթքը և ՀՀ օրհներգը։
«Մենք Տավուշից ենք գալիս` Հայաստանի դարպասներից։ Այս ամբողջ ժամանակվա համար ուզում եմ բոլորիցդ շնորհակալություն հայտնել»,– նշեց սրբազանը։
Նա հիշեցրեց, որ մայիսի 9-ը Հայաստանում եռատոն է, հայ ազգից գողացված եռատոն, բայց վստահեցրեց` ոչ ոք և ոչինչ չի կարող հայոց հոգին ընկճել։
Բացատրելով իր հագուստի գույնի ընտրությունը` նա ընդգծեց, որ սպիտակը խորհրդանշում է հաշտություն և խաղաղություն։ Սրբազանը պատմեց նաև իր վզից կախված խաչի մասին:
«Այս խաչը գյումրեցի վարպետ Արտակի կողմից նվեր եմ ստացել 2020-ի սեպտեմբերի 25-ին: Արտակն այն կոչեց խաղաղության և հաղթանակի խաչ, որովհետև առանց հաղթանակի խաղաղություն չի լինում: Այս ամբողջ պատերազմի ընթացքում այս խաչը եղել է իմ պարանոցին և այդ աղետալի հետևանքներից հետո ես ուխտի պես կրում եմ այս խաչը: Միայն այն դեպքում ես կարող եմ այն հանել պարանոցիցս, երբ ազգովի հաղթանակած լինենք: Այս խաչը փամփուշտներից է կազմված, որոնք այս ամբողջ ժամանակահատվածում ուղղված են եղել մեր ինքնությանը: Այս խաչի պահպանությունը ինձ հետ ճանապարհորդել է բոլոր դժվար ու տառապալից օրերով: Ես մաղթում եմ, որ այս խաչի պահպանությունը լինի ոչ միայն ինձ, այլև ձեզ բոլորիդ վրա: Օրհնվեք դուք»,-ասաց նա:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ էին անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին` դեմ արտահայտվելով սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։