«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հասավ Հանրապետության հրապարակ։
Նշենք, որ մարզերից ու Երևանից հավաքված հազարավոր մարդիկ այստեղ սպասում էին Բագրատ սրբազանին։ Հանրապետության հրապարակն այնքան բազմամարդ է, որ երթի մասնակիցները Ամիրյան փողոցից չէին կարողանում մտնել Հանրապետության հրապարակ։
Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ վանկարկում են «Հայ, Հայաստան հայրենիք ու Աստված»։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ էին անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին` դեմ արտահայտվելով սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։