ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 10-ամյա բնակիչ Նիկոլ Ղուկասյանն արդեն 3 օր է` մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների քայլերթին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց քայլերթին միացել է առաջին օրվանից Իջևան քաղաքից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։
«Ես Նիկոլն եմ, բայց ոչ Փաշինյան։ 10 տարեկան եմ, Աչաջուր գյուղից եմ։ Ամենասկզբից էլ միացել եմ քայլերթին, արդեն 3 օր է` հորս հետ քայլում եմ: Միացել եմ իմ հարևան գյուղերի` Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի երեխաներին։ Ուզում եմ, որ այդ երեխաները կարողանան գնալ դպրոց։ Այդ պատճառով էլ միանում եմ այս պայքարին, որ նրանք ապահով լինեն»,– ասաց տղան։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Երկու օր շարունակ Կիրանցի մուտքն արգելափակված էր, միայն գյուղի բնակիչներին էին թույլ տալիս ելումուտ անել, ընդ որում` անձնագրով։ Կիրանց չէին թողնում անգամ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և լրագրողներին։ Ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում։
Կիրանց տանող ճանապարհը բացվեց մայիսի 3-ին։