ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ժամանեց Կիրանց գյուղ և հայտարարեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով գալու է Երևան` պատասխաններ պահանջելու։
Նշենք, որ քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերը նույնպես Կիրանցում են։
«Ականատես լինելով այս իրականությանը` «Տավուշը հանուն» հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա Երևան ու պատասխաններ պահանջի, որ այս գործընթացը (սահմանազատման և 4 գյուղ հանձնելու մասին է խոսքը. խմբ.) պետք է դադարեցվի։ Դա է մեր ժողովրդի պահանջն առաջին իսկ օրվանից։ Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ և սահման չունի, որին հաջորդելու է այսպես կոչված անկլավների խնդիրը, ապա Տիգրանաշենի, Սյունիքի մարզի և այլ խնդիրներ։ Հյուսիսից–հարավ մենք չափազանց մեծ արնաքամության գործընթացում ենք»,–ասաց Բագրատ սրբազանը` հավելելով, որ նախատեսում են մայիսի 9-ին լինել Երևանում։
Նա ընդգծեց` իրենց շարժումը «չակընկալիքների» շարժում է, որի դիմաց ստանալու են հայրենիք և պատիվ։
Քայլերթին մասնակցելու համար Կիրանցում են նաև Ոսկեպարի, Բերքաբերի, Բաղանիսի, Տավուշի այլ բնակավայրերի, ինչպես նաև այլ մարզերի բնակիչներ։
«Տեղեր կա` ոտքով կգնանք, տեղեր կա` «մարշրուտկայով», ավտոբուսով, եթե մետրոն հասնի այս կողմերը` մետրո կնստենք։ Ինչպես կուզենք, կգնանք, մեր երկիրն է, մեր տարածքը, որտեղ պետք եղավ, կնստենք, որտեղ պետք եղավ, կքնենք»,– ասաց հոգևորականը։
Քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանն էլ շեշտեց, որ այս շարժման ընթացքում որևէ քայլ չի արվել արհեստականորեն կամ կազմակերպված, ամեն ինչ բնականոն է ստացվել։ Ըստ Պետրոսյանի` հենց դա է լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հաղթական ընթացքի երաշխավորը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Երկու օր շարունակ Կիրանցի մուտքն արգելափակված էր, միայն գյուղի բնակիչներին էին թույլ տալիս ելումուտ անել, ընդ որում` անձնագրով։ Կիրանց չէին թողնում անգամ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և լրագրողներին։ Ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում։
Կիրանց տանող ճանապարհը բացվեց մայիսի 3-ին։