ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած քայլերթի մասնակիցները հասան Հաղարծնի վանք, և Բագրատ սրբազանը հնչեցրեց 10-րդ դարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգերը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք գիշերելու են Հաղարծինում, իսկ վաղը վանական համալիրում կայանալիք պատարագից հետո շարժվելու են դեպի Դիլիջան, հետո Սևան։ Նախատեսում են մայրաքաղաք հասնել մայիսի 9-ին։
«Մենք մի ազգի զավակ ենք, որին Մովսես Խորենացին անվանում էր վեհագույնը հյուսիսային ազգերի մեջ, մենք իրավունք չունենք խեղճանալու»,– վանքում հավաքված մարդկանց ասաց Բագրատ սրբազանը։
Նա նաև գիշերվա աղոթքը կարդաց։
«Այս եկեղեցին 10-րդ դարի կառույց է։ Որքան ժամանակ է անցել, բայց այն լուռ է ու կանգուն։ Մեր հայրերի աչքերն են այս քարերի մեջ, իրենց աղոթքն է այսօր այստեղ ու նախընտրել են լինել ոտքի տակ (նկատի ունի եկեղեցու տարածքում ամփոփված հոգևոր հայրերի տապանաքարերը. խմբ.), որպեսզի կամուրջ դառնան դեպի սուրբ խորան։ Սա է դեպի ճշմարտություն տանող ճանապարհը։ Յուրաքանչյուրս պետք է այդպիսին լինենք այսօր, վաղը և միշտ։ Մենք պետք է կամուրջ դառնանք մարդկանց համար, որպեսզի տաճարը հաղթի փողոցին, ճշմարտությունն էլ հաղթի ստին։ Հոգին այսօր հաղթել է «դուխին», եռագույնն էլ պետք է հաղթի սևին և սպիտակին»,– ընդգծեց Բագրատ սրբազանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
Երկու օր շարունակ Կիրանցի մուտքն արգելափակված էր, միայն գյուղի բնակիչներին էին թույլ տալիս ելումուտ անել, ընդ որում` անձնագրով։ Կիրանց չէին թողնում անգամ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և լրագրողներին։ Ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում։
Կիրանց տանող ճանապարհը բացվեց մայիսի 3-ին։