ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկիի հետ։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերը, COP29 – ի (Կլիմայի վերաբերյալ խորհրդաժողով. խմբ.) նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բայրամովն ասել է, որ սահմանազատման հանձնաժողովների միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը բավականին դրական առաջընթաց է խաղաղության օրակարգի շրջանակում:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։