ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ի կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովը Պետդեպարտամենտին խորհուրդ է տալիս ներառել Ադրբեջանն այն երկրների «կարմիր» ցուցակում, որոնք առանձնակի մտահոգություն են ներշնչում: Տեղեկությունը նշված է հանձնաժողովի 2024 թվականի հաշվետվության մեջ։
Ավելի վաղ Պետական դեպարտամենտը հանձնաժողովի առաջարկությամբ ներառել էր Ադրբեջանը հատուկ հսկողության տակ գտնվող երկրների ցանկում (Special Watch List)։
Ինչպես նշվում է զեկույցում, 2023 թվականին Ադրբեջանում կրոնական ազատության պայմանները սկսել են վատթարանալ։ Մասնավորապես՝ կառավարությունը շարունակել է կիրառել 2009 թվականի օրենքը, որով կրոնական կազմակերպությունները պետք է պետական գրանցում անցնեն, իսկ այն մարդկանց շրջանակը, որոնց թույլատրվում է միսիոներ լինել, սահմանափակվում է:
Կառավարությունը կրկին մերժել է բոլոր ոչ մահմեդական կազմակերպությունների, այդ թվում՝ բողոքականների գրանցումը։ Զեկույցում նշվում է, որ հետապնդումների են ենթարկվել նաև մի շարք մահմեդական կազմակերպություններ։
Ընդգծվում է, որ կառավարության գործողությունների պատճառով վտանգված են մնում Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում գտնվող կրոնական հուշարձանները:
«2023 թվականի մայիսին Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հայ հոգևորականներից պահանջել է լքել Դադիվանքը՝ անարդարացիորեն հայտարարելով, որ նրանք դրա հետ կապ չունեն», - նշվում է փաստաթղթում:
Զեկույցում կասկածի տակ է դրվում նաև ՄԱԿ-ի առաքելության զեկույցը, որին Ադրբեջանի իշխանությունը թույլ է տվել Լեռնային Ղարաբաղ այցելել 2023 թվականի հոկտեմբերին։
Թեև առաքելության ներկայացուցիչներն ասում են, որ մշակութային և կրոնական օբյեկտներին հասցված որևէ վնաս չեն տեսել, այլ կազմակերպություններ դեռ մտահոգված են:
Մասնավորապես, 2023 թվականի նոյեմբերին Caucasus Heritage Watch կազմակերպությունը (փորձագետների խումբ, որը գործում է ԱՄՆ Քորնելի համալսարանի աջակցությամբ) հայտնել է Շուշիի Սուրբ Աստվածամայր տաճարին (Մեղրեցոց) հասցված վնասների մասին։ Զեկույցում նշվում է, որ նույն ամսին կազմակերպությունը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնք վկայում են նաև Շուշիում երկու հայկական գերեզմանատների հնարավոր հասցված վնասի մասին։
Նշենք, որ սա եկեղեցիների ու գերեզմանատների ոչ ամբողջական ցանկն է, որոնց վնասման կամ ոչնչացման մասին ավելի վաղ հայտնել էին միջազգային կազմակերպությունները։
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը գործադիր իշխանության մարմին է, որը չի մտնում ԱՄՆ նախարարների կաբինետի կազմի մեջ։