ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Տավուշի մարզի Կիրանց համայնք տանող ճանապարհը, որը 2 օր է փակ է, բացվել է։ Տեղեկությունը հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը։
Երկու օր շարունակ, բացի Կիրանցի բնակիչներից մնացած բոլորի մուտքը Կիրանց արգելափակված էր։ Կիրանց չէին թողնում անգամ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, նաև լրագրողներին։ Ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում։
Այսօր Կիրանցի բնակիչներից մեկը Sputnik Արմենիային գաղտնի նկարած տեսանյութ էր ուղարկել, որում երևում էր, որ անգամ կիրանցեցիներին են մի քանի անցակետում ստուգում հայրենի գյուղ թողնելու համար։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այսօր ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն: Նշվում է, որ պայթեցնելուց հետո ճանապարհը բացվել է։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։