ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ոստիկանությունն այս պահին թույլ է տալիս Տավուշի մարզի Կիրանց գյուղ մտնել միայն գյուղի բնակիչներին։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ մուտքը գյուղ արգելվում է մյուս բոլոր մարդկանց համար։
Ըստ տեղեկությունների` Կիրանց գյուղի հարակից հատվածում ականազերծման աշխատանքներ են կատարվում։
Հավելենք, որ գյուղը շուրջ մեկ ժամ հոսանքազրկված էր, սակայն էլեկտրամատակարարումն արդեն վերականգնվել է։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։