ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik․ Կիրանց գյուղը 2 մասի են բաժանում` իշխանությունը հայտարարում է, թե հատուկ միջոցառում է իրականացնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը գտնվում է Կիրանց գյուղի փակ ճանապարհի հատվածում։
«Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքները կառավարությունից լացելով դուրս եկան։ Ասել են` անվտանգությունը ոնց է լինելու, ասել են` կամ պատ կկառուցենք կամ ծառ կտնկենք»,– ասաց նա։
Գառնիկ Դանիելյանը ցույց տվեց մոտ 50 գյուղացու կադաստրի վկայական, որոնց տարածքի մի մասը կամ ամբողջական հանձնվելու է թշնամուն, և բացատրեց, թե ինչպես են սահմանազատման անվան տակ կիսելու գյուղը;
«Ոնց որ մարդկանց ձեռ առնեն. ասում են` մի հատվածում էլ ծառեր են տնկելու, որ կիրանցեցին իրեն ապահով զգա։ Մարդկանց մի կողմից ադրբեջանցիներով են վախեցնում, մյուս կողմից` ոստիկանական ուժերով։ Պարզապես վախի մթնոլորտ է»,–բարկացած նշեց պատգամավորը։
Նրա խոսքով` հազարավոր ոստիկաններ են եկել ու հիմա գյուղում ամեն մեկի համար հարյուրավոր ոստիկան կա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։