ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Տավուշում իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ բողոքի ակցիա է իրականացվել Սպիտակ-Տավուշ ճանապարհին։ Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Ասատրյանը տեսանյութ է սոցցանցում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են քաղաքացիներն արգելափակել ճանապարհը։ Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը։
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում, ա՛յ ժողովուրդ, հասկանո՞ւմ եք՝ ինչ ա կատարվում մեր երկրում»,- ասում է բողոքող քաղաքացին։
Կադրերում նաև հոգևորականներ են երևում։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայաստան–Ադրբեջան սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։