Կոթի գյուղում 2 դիրք չի հանձնվել. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այն լուրը, թե Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ են սկսվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել։
«Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր մեկ այլ լուր, թե Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ են սկսվել։ Լուրեր էին պտտվում, որ ականազերծմանը զուգահեռ զորքը դուրս է բերվում Ճամբարակից և Ջիլից։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։