Հայաստանը կախվելու, բռնվելու, հենվելու տեղ չունի. թուրքագետը` Ալմաթիի հանդիպման մասին

Վարուժան Գեղամյանը նշում է, որ Ադրբեջանի և Հայաստանի բանակցությունների համար ընտրված ղազախական հարթակն արտաքինից չեզոք է, բայց որոշ չափով կողմնորոշում ունի դեպի Թուրքիա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության իշխանության քաղաքականության հետևանքով Ալմաթիում Միրզոյան–Բայրամով հանդիպման ժամանակ Հայաստանը նստելու է իրեն պարտության մատնած երկրի հետ դեմառդեմ, որտեղ բռնվելու տեղ չունի ու չի կարող ապավինել միջազգային հանրությանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Վարուժան Գեղամյան
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևն առաջարկել է Ալմաթիում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմը հաստատել են ԱԳ նախարարների հանդիպման մասնակցությունը։ Ղազախստանի իշխանությունները միջնորդ չեն լինի այդ բանակցություններում։
Գեղամյանը շեշտեց, որ միջնորդների կարիք չկա ոչ թե որովհետև կողմերը հարաբերությունների այնպիսի մակարդակի են հասել, որ կարող են բացեիբաց խոսել և քննարկել տարբեր հարցեր, այլ թուրքական կամ ադրբեջանական կողմերն են ամեն ինչ անում դրա համար։ Ըստ նրա` միջնորդի կարիք հիմնականում ունենում է թույլ, պարտված, բանակցային սեղանի շուրջ նստած խոցելի կողմը։

«Թուրքերն ու ադրբեջանցիները հասել են նրան, որ հարթակը դեռ հենց Հայաստանում, Ադրբեջանում կամ Թուրքիայում չէ, բայց ձևաչափն ուղիղ շփում է ենթադրում։ Փաստորեն, Հայաստանը նստելու է իրեն պարտության մատնած երկու երկրի հետ դեմառդեմ ու կախվելու, բռնվելու, հենվելու տեղ չունի։ Մեր երկիրը չի կարող այլևս ապավինել միջազգային հանրությանը ի դեմս միջնորդի` ասելով, որ նման սահմանազատում անելով` սահմանամերձ գյուղերի բնակիչների իրավունքները խախտվում են»,– ասաց թուրքագետը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի և Հայաստանի բանակցությունների համար ընտրվել է այնպիսի հարթակ, որն արտաքինից չեզոք է, բայց որոշ չափով կողմնորոշում ունի դեպի Թուրքիա։ Միևնույն ժամանակ, Գեղամյանը չբացառեց նաև այն, որ Ղազասխանի տրամադրած հարթակը չի նպաստի հայամետ դիրքորոշման առաջմղմանը։
Բաքուն կողմ է Երևանի հետ ուղիղ, երկկողմ բանակցություններին․ Բայրամով
Խոսելով Արևմուտքի երկրների մասին, որոնք հայտնում են, թե աջակցում են Հայաստան–Ադրբեջան գործընթացին, Գեղամյանն ընդգծեց, որ դրանք անուղղակի կերպով աջակցում են Հայաստանի վրա ճնշմանը։

«Այս պահին ընթացող այսպես կոչված բանակցություններն ուրիշ սպառնալիքի տակ արվող բանակցություններ են` իրականում կապիտուլյացիայի, զիջման պարտադրանք։ Այս իմաստով էլ է Արևմուտքն աջակցում Ադրբեջանին։ Երկրորդը` 2023 թվականի սեպտեմբերից հետո որևէ պատժամիջոց Ադրբեջանի դեմ չի իրականացվել, մինչդեռ դրանց փաթեթի գործիքակազմն ամենալավը զարգացած է հենց արևմտյան երկրների մոտ»,– ասաց թուրքագետը։

Գեղամյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23-ին հայտարարել էր, թե Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ու Նիկոլ Փաշինյանն էլ դա լավ հասկանում է։ Թուրքագետն ընդգծեց` Թուրքիան և Ադրբեջանը շատ են ցանկանում արձանագրել, որ Հարավային Կովկասում իրենք ռազմավարական գերակայություն ունեն, ինչը հնարավոր է դարձել 2020 թվականի 44-օրյա պատերազմից և դրան հետևած տարբեր իրադարձություններից հետո։ Նա նկատեց, որ այդ ամենի հետ մեկտեղ, Հայաստանը պաշտպանական քաղաքականություն որդեգրելու փոխարեն հանձնողական քաղաքականություն է որդեգրել։ Գեղամյանի խոսքով` Հայաստանն անուղղակի կերպով վերածվել է Թուրքիայի ազդեցության գոտիներից մեկի։
Ղազախստանն անտարբեր չի մնում հայ-ադրբեջանական խնդրի նկատմամբ. Տոկաև
Թուրքագետն անդրադարձավ այն հանգամանքին, թե նման իրավիճակում ինչ լուծում է տեսնում Հայաստանի համար։ Վստահեցրեց` Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ որդեգրված Հայաստանի քաղաքականությունը մեղմ ասած սխալ է, քանի որ այդպես հնարավոր չէ ապահովել երկրի անվտանգությունը, պետության սահմանների անխոցելիությունը։
«Ստեղծված իրավիճակում կա ելք, բայց այն շատ բարդ է ու մեկ հպումով հնարավոր չէ անել։ Պետք է ֆանտաստիկ մեծ կամք դրսևորվի, ֆանտաստիկ պատասխանատու և արդյունավետ կառավարում լինի։ Հակառակ պարագայում մի զիջումից հետո գալու է հաջորդ զիջումը ու դրա պատճառով մյուս զիջմանը դիմադրելն ավելի դժվար է դառնալու։ Տավուշը զիջելուց հետո մենք շատ ավելի բարդ վիճակում ենք հայտնվելու, օրինակ, Սյունիքի միջանցքի պարագայում։ Բոլոր այն մարդիկ, որոնք կարծում են, թե Թուրքիան կամ Ադրբեջանը բավարարվելու են դրանով, ապա թող հիշեն 2020, 2021, 2022, 2023 թվականները։ Պահանջները գնալով աճում են` ամեն զիջման հետ»,– ասաց Գեղամյանը։
Իրավիճակից միակ փրկությունը, ըստ թուրքագետի, հիմա դիմադրել սկսելն է, ու դա կարող է կասեցնել գոնե Սյունիքի միջանցքի հարցը, Արարատի մարզի զիջումը և այլն։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
ՀՀ–ին անպաշտպան թողնելը հանցագործություն է, դավաճանություն. իրավաբանը` Տավուշի մասին