ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ ուղիղ, երկկողմ բանակցությունների օգտին։ Կատարի մայրաքաղաք Դոհայում «Արաբական պետությունների Լիգա- Կենտրոնական Ասիա-Ադրբեջան» տնտեսական ֆորումի երրորդ նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նա շեշտել է, որ բանակցությունների նման ձևաչափը Բաքուն առավել արդյունավետ տարբերակ է համարում։
«Այսպիսի բանակցություններն իրենց դրսևորել են որպես առավել արդյունավետ և հաջողված լուծում՝ փոխընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից։ Նման բանակցություններն ուղղված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ձեռքբերմանը, ինչի մասին են վկայում սահմանազատման հարցերով երկու երկրների հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները»,- ասել է Բայրամովը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։