Մահացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը

Դավիթ Մարտիրոսյան
Մարտիրոսյանը երկար տարիներ գործունեություն է ծավալել մարզական լրագրության ոլորտում։ Նա մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի թոռն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին: «Փյունիկ» ՖԱ-ի ամբողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի հարազատներին և մտերիմներին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Դավիթ Մարտիրոսյանը սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Նա 2012–2020 թթ. թղթակցել է «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթին: Դավիթն աշխատել է «Միկա» ու «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբների մամուլի բաժնում:
2019 թվականից նա համալրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, եղել է հանրային կապերի և մամուլի բաժնի ղեկավարը, այնուհետև դարձել է գործադիր տնօրեն և կոմերցիոն հարցերով փոխտնօրեն։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարի պաշտոնում աշխատանքի է անցել 2024 թվականի հունվարից:
Դավիթը մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի թոռն էր։