Քաղաքացիներ փակել են Երևան-Դիլիջան մայրուղին։ Ակցիան իրականացվում է ի աջակցություն Տավուշի մարզում մոտ 10 օր պայքարող քաղաքացիների։ Ակցիայի ընթացքում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դիմեց մասնակիցներին և կոչ արեց շարունակել պայքարը։
«Այսօր մեր կոչն է, որ ականջալուր լինեք այս պայքարին, որպեսզի կարողանանք մեր ուժերը համատեղենք այս մեծ չարիքի դեմ։ Սա այսօր Տավուշի խնդիրն է, վաղը լինելու է Գեղարքունիքինը, հետո Կոտայքինը, ադրբեջանցիները սրանով կանգ չեն առնելու»,-ասաց նա։
Պատգամավորն ընդգծեց, որ այսօր ադրբեջանաթուրքական տանդեմն այս իշխանությունների հետ ձեռք-ձեռքի բռնած իրականացնում է ապօրինի գործընթաց ՝ Տավուշի մարզի դարպասները բացելով թշնամու առաջ։
«Հենց հիմա Տավուշի մարզի դարպասներին իրականացվում են ականազերծման աշխատանքներ, որով ադրբեջանցիներին և թուրքերին հրավիրում են մեր մարզ՝ անպաշտպան թողնելով ՀՀ պետական սահմանները»,-ասաց Դանիելյանը։
Նա շեշտեց, որ այսօր այդ գյուղերում մարդիկ կենաց-մահու կռիվ են տալիս հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն բոլոր երեխաների վաղվա գալիքի ։ Այդ մարդիկ՝ փոքրից մեծ, պայքարում են ոչ միայն այդ 4 գյուղերի համար, այլ այն բանի համար, որ ադրբեջանցին չհայտնվի ՀՀ-ում։
Պատգամավորը վստահ է, որ այսօր ՀՀ իշխանությունը երկիրը տանում է կործանման՝ Արցախի սցենարով, փորձելով հասնել Տավուշի գյուղերի հայաթափմանը։
Հավելենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։