ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik Արագածոտնի մարզում 59-ամյա բետոնագործը մոտ 5 մ բարձրությունից ընկել է ու մահացել հիվանդանոցում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 24-ին։
«Ժամը 16։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թալինի բաժին են զանգահարել «Աշտարակ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «Պոլիտրավմա, փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, գլխի հիմի կոտրվածք, տրավմատիկ շոկ 2-րդ աստիճանի» մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ»,–գրում է կայքը։
Ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Ֆրունզիկ Զ․-ն է, որը վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում «Կամուրջ Շին» ՓԲԸ-ին պատկանող տնակը վերամբարձ կռունկով տեղափոխելիս, մոտ 5 մետր բարձրությունից տնակից վայր ընկնելու հետևանքով:
Նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Ֆրունզիկ Զ․-ին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մոտ 2 ժամ անց գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ Ֆրունզիկ Զ․-ն աշխատում է «Կամուրջ Շին» ՓԲԸ-ում՝ որպես բետոնագործ: