Կիրանցում բախումներ եղան գյուղացիների ու ոստիկանների միջև

Քաղաքացիները ձեռքերը բարձրացրել են վեր, սակայն դա չի խանգարում սև բերետավորներին ուժ կիրառել։
Sputnik
Րոպեներ առաջ Կիրանցում իրադրությունը կտրուկ լարվվեց։ Ճանապարհը փակած գյուղացիների դեմ սև բերետավորները բռնի ուժ են կիրառում ու փորձում ճանապարհը բացել։ Ցուցարարների մեջ նաև կանայք են։ Երիտասարդ աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացավ։ Նրան այս պահին քաղաքացիներն օգնություն են ցուցաբերում։
Քաղաքացիները ձեռքերը բարձրացրել են վեր, սակայն դա չի խանգարում սև բերետավորներին ուժ կիրառել։
«Ճանապարհը չենք բացելու»,–ասում են գյուղացիները։ Նրանք հրաժարվում են կատարել ոստիկանների պահանջն ու բացել ճանապարհը։
Գյուղացիներին փորձում է հանդարտեցնել Բագրատ սրբազանը, որը նույնպես ակցիայի մասնակից է։
«Բերետավորներին բերեցիք, որ մեզ վախեցնեք։ Կիրանցիներ ջան, ի՞նչ պայման ունեք, որպեսզի թողնեք, որ այս մեքենաները դուրս գան»,–ցուցարարներին դիմեց Բագրատ սրբազանը։
Ցուցարարները նշեցին, որ այդ մեքենաներում ինչ–որ կասկածելի մարդիկ են եղել, այդ պատճառով էլ շրջափակել են, որ չգնան։
Սրբազանը հայտարարեց, որ այդ մարդիկ այլևս մեքենաներում չեն ու հորդորեց թույլ տալ մեքենաները ճանապարհից հանել։
Ավելի վաղ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանց էր եկել և համոզում էր գյուղացիներին կտրուկ գործողությունների չդիմել և միասին քննարկել ստեղծված իրավիճակը, սակայն գյուղացիները չցանկացան լսել նրան։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։