Կառաջանան նոր խնդիրներ, բանակը կթուլանա. հոգեբանը` նոր օրենքի ռիսկերի մասին

Հոգեբան Կարինե Նալչաջյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ առողջական ու մտավոր խնդիրներով անձանց բանակ զորակոչելը ոչ մի օգուտ չի տա երկրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Նույնիսկ հեշտացված ծառայության դեպքում առողջական ու մտավոր զարգացման որոշակի խնդիրներով նորակոչիկները թիրախավորվելու են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը` մեկնաբանելով զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում ՊՆ–ի առաջարկած վերջին փոփոխությունները։
Հայտնել ենք, որ ՀՀ կառավարության ապրիլի 18-ի նիստում ՊՆ–ի առաջարկով որոշ փոփոխություններ են կատարվել զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում։ Խոսքը, մասնավորապես, կիստաների, գիշերամիզության և մտավոր թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր դարձնելու մասին է։
«Բանակ զորակոչվելու տարիքը միջանձնային խնդիրների տարիք է։ Նույնիսկ եթե առողջական խնդիրներ չկան, միևնույն է` որոշ խնդիրներ են լինում` ով է ուժեղ, ով է թույլ, ով ում կճնշի, կնեղի և այլն։ Իսկ այս մարդիկ ի սկզբանե խոցելի են, և շատ մեծ է հավանականությունը և շատ իրատեսական է, որ իրենք ուղղակի կթիրախավորվեն և միջանձնային հարաբերությունների լուրջ խնդիր կառաջանա»,– ասաց հոգեբանը։
Նալչաջյանի գնահատմամբ` խնդիրը ոչ միայն հոգեբանական է, այլև մարդասիրական, քանի որ արդեն իսկ խոցելի կարգավիճակում գտնվող պատանիները նոր կարգավորման հետևանքով դրվելու են լրացուցիչ հոգեբանական ճնշման ռիսկի տակ, դրանից բացի, հոգեբանի համոզմամբ, բանակում էլ կառաջանան նոր տեսակի խնդիրներ, ինչն իր հերթին կհանգեցնի բանակի թուլացման։
Բանակում մթնոլորտն իդեալական չէ. փոխնախարարը` ինքնասպանությունների մասին
«Այս մարդիկ չեն կարող բանակին ոչ միայն մարտական, այլև ընդհանրապես որևէ այլ ծառայություն մատուցելու խնդիր լուծել։ Ինչո՞ւ ենք թիրախավորում մարդկանց, ինչո՞ւ ենք դժբախտ դարձնում մարդկանց, որոնք առանց այդ էլ ինչ–որ զրկվածություններ ունեն։ Ես կարծում եմ, որ շատ սխալ է բոլոր տեսակետներից։ Որևէ դրական բան ես այս նախագծում չեմ տեսնում»,– ասաց մասնագետը` հավելելով, որ զինծառայության համաշխարհային պրակտիկան տարիներով մշակվել է, ու հիմար չեն եղել այն մարդիկ, որոնք եկել են եզրակացության, որ կա մարդկանց ինչ–որ կատեգորիա, որոնց հակացուցված է ծառայությունը։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել էր, որ քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդություններ ճանաչվել են զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի։
Նրա խոսքով` կիստաների առկայության սահմանափակումները սահմանվելու են զորամասի բժշկի ցուցումով, գիշերամիզություն ունեցող զինծառայողի ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով, իսկ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող զինծառայողները (ինտելեկտուալ անբավարար և մանկավարժական բարձիթողի վիճակները, թեթև աստիճանի, այլ մտավոր և չճշտված մտավոր հետամնացությունները, որոնք չեն ուղեկցվում վարքի կամ հարմարվողականության խանգարումներով, ինչպես նաև ուսուցանման և գրագիտության հետ կապված խնդիրները) չեն ընդգրկվի մարտական հերթապահության մեջ, կարգելվի նրանց վարել տրանսպորտային միջոցներ և տեխնիկա, ղեկավարել անձնակազմ։