Ստամբուլի մետրոյի կայարանը հեղեղվել է անձրևաջրերով, կայարանի մի մասը փակվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Օդերևութաբանության գլխավոր վարչությունը Ստամբուլում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարել տեղատարափ անձրևների և ուժեղ քամու պատճառով:
Քաղաքում սկսել է անձրև գալ գիշերը։ Տեղի ժամանակով 16.30-ին ջուրը լցվել է քաղաքի արևմուտքում գտնվող Ենիբոսնա կայարան, որը բացվել է մարտին։ Այս տրանսպորտային հանգույցում М9 գծի վրա երկու ստորգետնյա նույնանուն կայարան կա։ Ջուրը հոսում է կայարանի առաստաղից, շարժասանդուղքների կողքերի պատերի երկայնքով։ Ուղևորների համար բացվել է կայարանի միայն մի մասը։ Մյուս կեսը, այդ թվում՝ շարժասանդուղքները, փակել են մետրոյի աշխատակիցները, որոնք փորձում են վերացնել ջրափոսերը: