ՀՀ վարչապետի և իշխանության դեմ ոսկեպարցիների դիմումը շուտով կներկայացվի դատախազություն

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի գնահատմամբ` Տավուշում տարածքների միակողմանի հանձնման պրոցեսը կասեցնելու համար անհրաժեշտ է ձևավորել հանրային լուրջ պահանջ, և այդ պարագայում նույնիսկ բանակը չի ենթարկվի նահանջի հրամանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետի և իշխանության ներկայացուցիչների դեմ ոսկեպարցիների`պետական դավաճանության կասկածով դիմումն առաջիկայում կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը` հավելելով, որ ներկա պահին ընթանում է դիմումի ներկայացման համար ստորագրությունների հավաքման գործընթացը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնը Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում ստորագրահավաք է իրականացնում, որ նրանց անունից դիմում ներկայացնի ՀՀ գլխավոր դատախազություն:
«Իրավական պրոցեսը պետք է գնա` անկախ ամեն ինչից։ Բայց սա նաև շատ կարևոր քաղաքական փաստագրում է, որ գյուղի այդքան բնակիչ, կարելի է ասել` ամբողջ գյուղը, պետական դավաճանության մասին կասկածով դիմում է ներկայացնում գլխավոր դատախազություն։ Սա շատ կարևոր արձանագրում է գյուղի բնակիչների դիրքորոշման վերաբերյալ։ Եվ սա հետագայում թույլ է տալու խուսափել շատ հնարավոր մանիպուլյացիաներից»,– նկատում է քաղաքագետը։
Նշենք, որ ապրիլի սկզբին ԵՄ դիտորդները Տավուշ էին գնացել` շրջանցելով այն ճանապարհահատվածները, որոնք վերջին շրջանում ադրբեջանական կողմն ու ՀՀ իշխանության ներկայացուցիչները` ՀՀ վարչապետի գլխավորությամբ, հայտարարում են որպես Ադրբեջանի տարածքի մի մաս։ «Հայկական պետականության համար» նախաձեռնությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին 2 օր ժամանակ էին տվել, որպեսզի նրանցից որևէ մեկն այցելեր Ոսկեպար և գյուղի բնակիչներին բացատրություն տար, թե ինչ հիմքով են ԵՄ դիտորդակայն առաքելության ներկայացուցիչները պետական մարմինների իմացությամբ ու թողտվությամբ Տավուշի մարզում ՀՀ ինքնիշխան տարածքի բազմաթիվ հատվածներ դիտարկել իբրև ադրբեջանական և շրջանցել դրանք։ Երկօրյա ժամկետը լրանալուց հետո ոսկեպարցիները որոշել են դիմել գլխավոր դատախազություն։
Սուրեն Պետրոսյանը նաև հայտնեց, որ Ոսկեպարում պատահաբար հանդիպել է ԵՄ առաքելության ներկայացուցիչներին ու առիթ է ունեցել ճանապարհի հիշյալ հատվածը շրջանցելու մասին ուղիղ հարցնել եվրոպացիներին։
Հասկանո՞ւմ եք` ինչ է սրա տակ թաքնված. Բագրատ սրբազանը` սահմանազատման խմբի անդամների մասին
«Նրանք ասացին, որ առաջնորդվում են հստակ կարգավորումներով ու GPS-ով, բայց կարևորը` կարգավորումներով։ Եվ այդ կարգավորումները, բնականաբար, պետական մարմինների իմացությամբ են հավանության արժանանում, որովհետև իրենք գործում են ՀՀ սուվերեն տարածքում և չեն կարող այլ պետության օրենքներով առաջնորդվել։ Այսինքն` Ոսկեպարի ճանապարհի այդ հատվածները արդեն, առանց որևէ դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացի համարում են ադրբեջանական ու վիճարկելի` ասելով, թե նպատակ չունեն Ադրբեջանին պրովոկացիայի ենթարկել։ Չեն ասում` անվտանգության նկատառումներով, քանի որ դիտարկվող հատված է, վախենում են կրակ բացել»,– պատմում է Պետրոսյանը` արձանագրելով, որ անմիսներ առաջ նույն ԵՄ առաքելությությունը չէր շրջանցում այդ տարածքները։
«Դրանից հետո ոչ միայն իմ, այլև գյուղի բնակիչների մոտ առաջացավ հիմնավոր կասկած, որ ՀՀ իշխանության կողմից թաքուն կերպով արդեն կա համաձայնություն` այդ տարածքները միակողմանի զիջելու, և դրա մասին տեղյակ է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը»,– ասաց քաղաքագետը։
Սուրեն Պետրոսյանի գնահատմամբ` միակողմանի հանձնման պրոցեսը կասեցնելու համար անհրաժեշտ է, որ դրա շուրջ ձևավորվի հանրային լուրջ պահանջ ու հանրային ընդվզման օրակարգ։ Այդ պարագայում, նրա համոզմամբ, նույնիսկ բանակը չի ենթարկվի նահանջի հնարավոր հրամանին։
Հիշեցնենք` Ադրբեջանի հետ սահմանազատման և տարածքային զիջումների թեման կրկին արդիականացավ այն բանից հետո, երբ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտարարեցին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է անհապաղ լուծվեն «4 ոչ անկլավային գյուղերի ազատագրման հարցերը»:
Ավելի ուշ Տավուշի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրեց պատերազմի հավանականության մասին, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ քննարկումներից, որոնք Երևանի կողմից տարածքային նոր զիջումները չեն բացառում: