ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվել է մինչև այս տարվա հուլիսի 22-ը։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նման որոշում կայացնելու համար հաշվի է առնվել այն, որ 2023թ-ի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով։ Բացի այդ, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանում նույնականացման քարտ ստանալու համար առկա են մեծաքանակ հերթեր։
Ընդգծվում է, որ մինչև հուլիսի 22-ը չեն կիրառվի սահմանված վարչական պատասխանատվության միջոցները, հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու համար հաշվարկված տույժերը, ինչպես նաև հարկային հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու համար կիրառվող տուգանքը։
ՊԵԿ-ը միաժամանակ հորդորում է նույնականացման խնդիր չունեցող քաղաքացիներին հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում՝ մինչև սույն թվականի մայիսի 1-ը։
Հիշեցնենք` 2023 թվականի համար պետք է հաշվետու լինեն պետական և համայնքային աշխատակազմում աշխատող ՀՀ ռեզիդենտները, ավելի քան 1 մլրդ դրամ հասույթ գրանցած ընկերությունների մասնակիցները (բաժնետերերը), ինչպես նաև 20 մլն դրամ և ավելի փոխառություններ (ոչ վարկեր) ստացած քաղաքացիները։