ՀՀ ԱԺ–ն պատրաստվում է Սինջարում եզդիների ցեղասպանության հիշատակի օր սահմանել

Օգոստոսի 3-ի հիշատակի օրը կառաջարկվի մտցնել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը պատրաստվում է Իրաքի հյուսիսային Սինջար շրջանում ցեղասպանության ենթարկված եզդիների հիշատակի օր սահմանել:
Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի եզդիական համայնքը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, օգոստոսի 3-ի հիշատակի օրը կառաջարկվի մտցնել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։
Խորհրդարանի արտահերթ նիստը նշանակված է ապրիլի 16-ին, ինչի մասին Բաքոյանն արդեն տեղեկացրել է Իրաքում և Սիրիայում եզդիական կազմակերպությունների ղեկավարներին:
Ավելի վաղ՝ 2018 թվականին, Հայաստանի խորհրդարանը ճանաչել էր Իրաքում եզդիների ցեղասպանությունը, իսկ 2015 թվականին՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության 100-րդ տարելիցին, ընդունել էր հույների և ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև։
Մեզ կփրկի մեր միասնականությունը․Երևանում հարգել են եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
2014 թվականին ԻՊ խմբավորման զինյալները գրավել են Հյուսիսային Իրաքի եզդիներով բնակեցված տարածքները և իրականացրել խաղաղ բնակչության զանգվածային սպանություններ: Մի քանի հազար մարդ սպանվել էր, տասնյակ հազարավոր մարդիկ դարձան փախստական։