ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՊԵԿ-ը տարբեր առաքանիներից հայտնաբերել է ընդհանուր 1405 գրամ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց։ Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, թե ՀՀ է ներմուծվելու թմրամիջոցների պարունակությամբ 3 միջազգային սուրհանդակային առաքանի։
Առաջին առաքանին հայտնաբերվել է «Զվարթնոցում» կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում։ Մաքսային զննման ժամանակ ԱՄՆ-ից «Գլոբալ Շիփինգ» ՍՊԸ-ի միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային 2 առաքանիներում հայտնաբերվել է հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցի պարունակությամբ երկուական տարա, որոնց ծավալը կազմել է 1195 գրամ։
Ծառայողները հաշիշի յուղը փոխարինել են արտաքինից նման այլ զանգվածով, որը «ԳԼՈԲԻՆԳ» ընկերության «Արաբկիր» սպասարկման սրահից ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ և ԱՄՆ քաղաքացի Հ․ Ն․-ն: Պարզվել է, որ ԱՄՆ-ից «Գլոբալ Շիփինգ»-ի միջոցով թմրամիջոցների պարունակությամբ ներմուծված ևս 1 միջազգային սուրհանդակային առաքանու իրական ստացողը նույնպես հանդիսանում է Հ․Ն-ն։
Այնուհետև մաքսային զննման է ենթարկել ԱՄՆ-ից նույն ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային հերթական առաքանին: Հայտնաբերվել է 2 պոլիէթիլենային տոպրակ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցի պարունակությամբ` 105 գրամ քաշով։
Մաքսային զննման է ենթարկել նաև ԱՄՆ-ից Է.Լ.-ի անվամբ ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Այս ծանրոցում նույնպես հայտնաբերվել է 2 պոլիէթիլենային տոպրակ՝ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, որի քաշը կազմել է 105 գրամ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված 4 ծանրոցի իրական հասցեատերը ՀՀ և ԱՄՆ քաղաքացի Հ․ Ն․-ն է։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց պարզելու ուղղությամբ:
Նշենք, որ հայտնաբերված թմրամիջոցների շուկայական արժեքը կազմում է շուրջ 70 մլն դրամ: