Վրաստանից փորձել են դեղորայքի ապօրինի խոշոր խմբաքանակ տեղափոխել Հայաստան

Մաքսային ծառայողներն ապօրինի տեղափոխման դեպքերը կանխել են Բագրատաշենի և Բավրայի անցակետերում, հայտնաբերել գաղտնարանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Վրաստանից փորձել են Հայաստան տեղափոխել ապօրինի դեղորայքի խոշոր խմբաքանակ։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Բագրատաշենի անցակետում Է.Ն.-ի ավտոմեքենայի նախնական զննման ժամանակ կասկածներ են առաջացել, որից հետո այն ուղղորդվել է ռենտգեն տեսազննման։ Մաքսային աշխատակիցը հայտնաբերել է, որ ավտոմեքենայի հետևի դռների պատյանները հանված են, որոնք ՀՀ մուտք գործելիս տեղում են եղել:
«Դռների մեջ նախապես հարմարեցված թաքստոցներից հանվել են փաթեթներ։ Ավտոմեքենան ուղղորդվել է խորը զննման անգար, այնտեղ զննվել են ապրանքները և պարզվել է, որ նախապես թաքցրած այդ փաթեթները դեղամիջոցներ են` ընդհանուր 21 կգ քաշով և դեղամիջոցների դատարկ տուփեր` 3 կգ քաշով»,- տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Բավրայի անցակետում ևս դեղորայքի խոշոր խմբաքանակի ապօրինի տեղափոխման դեպք է արձանագրվել։ Վրաստանից ՀՀ ուղևորվող ավտոմեքենայի զննությունից պարզ է դարձել, որ մեքենայի հետևի նստատեղի և բեռնախցիկի արանքում առկա է հատուկ կահավորված գաղտնարան, որտեղից էլ մաքսային ծառայողները հայտնաբերվել են 25 տեսակի տարբեր մակնշմամբ դեղորայք՝ ընդհանուր 20 կգ քաշով։
Երկու դեպքերի առթիվ էլ հարուցվել են վարչական վարույթներ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով։