Հրատապ է․ Ասատուրովի փաստաբանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի չբացակայելու արգելքը

Սերգեյ Ասատուրով
Մայիսի 21-ից հունիսի 1-ը ԱՄՆում անցկացվելու է Եռամարտի աշխարհի առաջնություն, որին Սերգեյ Ասատուրովը պետք է մասնակցի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստին փաստաբան Արայիկ Ներսիսյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Նշենք, որ դատական նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի։ Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովին և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին մեղադրում են 2023 թ․ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիրբերետավորների օրինական պահանջը չկատարելու մեջ։ Քոչարյանին մեղադրում են նաև ոստիկաններին հարվածներ հասցնելու մեջ։ Գործով տուժողներ են համավում ոստիկաններ Հրաչիկ Խաչատրյանը և Վարդան Հովհաննիսյանը, սակայն ըստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների, բռնության որևէ հետք կամ վնասվածք չի հայտնաբերվել։

«Եռամարտի աշխարհի առաջնություն է լինելու ԱՄՆ-ում։ Դեսպանատան հետ կապված որոշ հարցեր էլ կան, փաստաթղթերը պետք է հավաքվեն։ Մրցաշարն անցկացվելու է մայիսի 21-ից հունիսի 1-ը, բայց դեսպանատուն պետք է ապրիլի 15-ին։ Հետևաբար հարցը հրատապ է»,- նշեց Ներսիսյանը։

Նա ընդգծեց՝ իր պաշտպանյալը միջազգային մրցավար է, ինչպես նաև Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի գլխավոր մարզիչը։
Դատախազը միջնորդեց խափանման միջոցը փոխելու դեպքում 5 մլն դրամ գրավ կիրառել։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը միջնորդությունը բավարարեց և խափանման միջոցը փոխեց, ընտրվեց գրավը, գումարի չափն էլ սահմանվեց 2 մլն դրամ։
Հիշեցնենք, որ Քոչարյանը կալանավորվել էր 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, ապա նոյեմբերի 6-ին ազատ էր արձակվել։ Ե՛վ Քոչարյանի, և՛ Ասատուրովի նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ երկրից չբացակայելու արգելքը։ Մարտի 12-ին, սակայն, Քոչարյանի խափանմանի միջոցը փոխվեց և ընտրվեց գրավը, գումարի չափ սահմանվեց 2 մլն դրամը։